ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Այո, ամոթ է, բայց ո՞ւմ

Այո, ամոթ է, բայց ո՞ւմ
28.10.2012 | 13:27

Հարգելի խմբագրություն

Ես ուշ իմացա Ձեր թերթի այս տարվա թիվ 58-ում տպագրված սեպտեմբերի 4-ի «Հայոց հարց» թեմայով հեռուստահաղորդման վերաբերյալ Արտաշես Հակոբջանյանի «Ամոթ է վերջապես» վերտառությամբ շարադրանքի մասին։ Խիստ զարմացա հեղինակի այդքան սահմանափակ դատողության ու չհասկանալու վրա։ Ճիշտն ասած, ես կարող էի ղարաբաղցու ընտիր արտահայտություններով նրա պորտը տեղը դնել, բայց հարմար գտա նրա մի երկու հարցին պատշաճ պատասխան տալ։ Եթե նա գիտի ածականներով խոսելու իմ ունակության մասին, հետևապես պետք է արտահայտությունների մեջ խիստ զգույշ լիներ։
Այդ պարոնն իր շարադրանքի հենց սկզբում, ընդգծված բառերով ասում է. «Սեպտեմբերի 4-ի ուշ երեկոյան մեր բարձրակարգ ու փառապանծ պատմաբանների մի քառյակ յոթերորդ երկնքից վայրէջք կատարեց հանրային հեռուստատեսության էկրանին» և զբաղվեցին «թռուցիկ քամիքշոցներով», երևի Արտաշես Հակոբջանյանին հաճույք պատճառելու համար։ Ճիշտ կլիներ, որ այս վերջին բառերն ավելացներ։
Հարգելի խմբագրություն, ես չգիտեմ` նայե՞լ եք այդ հաղորդումը, թե՞ չէ, տեղեկացնում եմ այդ «քառյակ պատմաբանների» մասին. դրանցից մեկը եղել է փիլիսոփայական գիտությունների դոկտոր, քաղաքական մեկնաբան, ակադեմիկոս Ալեքսանդր Մանասյանը, մյուսը` լրագրող, քաղաքական մեկնաբան Լևոն Մելիք-Շահնազարյանը, երրորդը` պատմական գիտությունների դոկտոր Կիմ Ղահրամանյանը, որը Վաչագան Բարեպաշտի և նրա ժամանակաշրջանի վերաբերյալ թեկնածուական ատենախոսություն է պաշտպանել և բազմաթիվ գրքերի հեղինակ է, իսկ չորրորդը ես` պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Աբրահամյանս, որը 24 գրքի և 120 գիտական հոդվածի հեղինակ է, նաև բուհական դասագրքերի, էլ չեմ ասում մնացածների մասին։ ՈՒնեմ ոչ թե 58-ամյա աշխատանքային ստաժ, ինչպես ակնարկում է պարոն Արտաշեսը, այլ 66 տարվա։ Ասեմ նաև, որ բոլոր այդ ընկերներն էլ, անկախ նրանց տարիքից, մինչև հիմա էլ աշխատում են իրենց մասնագիտություններով։ Այդ մե՞նք ենք «քամիքշոցով» զբաղվել և գործել «առանց ուղեղի» մասնակցության։ Բա ես քո խելքին մեռնեմ, Արտաշես, ինչո՞ւ չես հիշեցրել քեզնից մի քիչ խելք գնեինք։ Գոնե այս օրի չէինք լինի և չէինք տեսնի ժողովրդի համար ստեղծված «արյան բաղնիքները», և դու էլ չէիր բացի քո բամբասանքի տոպրակի բերանը։
Վատ չէր լինի որ այդ պարոնն իր խոհերը շարադրելուց առաջ, Մովսես Կաղանկատվացուն կարդալուց բացի, կարդար նաև Ստ. Օրբելուն, Ա. Ցագարելուն, Հենրիխ Սվազյանին, Կիմ Ղահրամանյանին, Էդիկ Դանիելյանին և այլ հեղինակների, որոնք բավականին նյութեր ունեն Վաչագան Բարեպաշտի և նրա ժամանակի վերաբերյալ։ Չեմ հիշեցնում Բագրատ ՈՒլուբաբյանի անունը, որովհետև պարոն Արտաշեսը նրան չի հասկացել և երևի չհասկանա էլ, հետևապես իզուր է քար նետում նրա բոստանը։
Որքան գիտեմ, պարոն Արտաշեսը մասնագիտությամբ «բանասեր» է։ Չակերտների մեջ եմ առնում, որովհետև շատ վաղուց է ապահարզան տվել իր մասնագիտությանը և փորձել դարձ կատարել դեպի պատմություն։ Չեմ էլ հիշում, որ անցած 50-60 տարիներին որևէ լուրջ հոդված կամ ուսումնասիրություն գրած լինի իր մասնագիտությամբ։ Էն է, թերթերում մի քանի խառը շարադրանք է տպագրել, որոնցից անպակաս է բանսարկությունը։ Նույնիսկ ինքն է խոստովանում, որ «Արցախի դպրոցը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» վերտառությամբ գրքի վերաբերյալ ըմբոստություն է գրել, որի համար նրա «ջգրու» այդ գիրքն «արժանացրին պետական մրցանակի»։ Մի ասող լինի. պարոն Արտաշես, դու ո՞վ ես, քեզնից ի՞նչ ես ներկայացնում, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը վերցնի և քո ջգրու պետական մրցանակ շնորհի նշված գրքին։ Նշանակում է, որ դու ոչ մի արժեք չունես, ասածդ տեղ չի անցնում, էլ ինչո՞ւ ես քեզ տանջում։
Հարգելի խմբագրություն, հիմա անդրադառնանք պարոն Արտաշեսի այն տողերին, որտեղ շոշափված է իմ անունը։ Նա կատաղել է, երբ ասել եմ, որ Վաչագան Բարեպաշտին համարում եմ ղարաբաղցի և հպարտանում եմ դրանով։ Այո, ասել, ասում եմ և կասեմ։ Բայց ինչո՞ւ է նրան դիպչում։ Հո ես չեմ ասել, թե Վաչագան Բարեպաշտը ծնվել է Ղարաբաղի Գիշի գյուղում` Արտաշես Հակոբջանյանի հարևանությամբ։ Պարոնն իզուր է ձեռագիր որոնում, այնտեղ ամեն ինչ ասվում է բանավոր` տեսակետների հակադրության պարագայում։
Հարգելի խմբագրություն, բանը հետևյալն է. հաղորդումը սկսվելուց առաջ հաղորդավարը հարցնում է, թե ի՞նչ կարծիք ունեք տվյալ անձի կամ երևույթի վերաբերյալ։ Հաղորդման մասնակիցներից ամեն մեկը մի բան է ասում։ Տվյալ դեպքում ես ժպտալով ասել եմ այն, ինչ-որ ասացի վերևում, շատ լավ իմանալով, որ Վաչագան Բարեպաշտը ծնվել է բուն Աղվանքում, այլ ոչ թե Հայոց Աղվանքում։ Ասել եմ, որ ես նրան անվանում եմ մեծագույն ղարաբաղցի։ Այնուամենայնիվ, իմ ասածի բովանդակությունը դա է եղել։ Ասենք, որ այդ հաղորդման նպատակը չի եղել նոր հայտնագործություններ կատարել, այլ Վաչագան Բարեպաշտ երևույթին տալ քաղաքական հնչեղություն, երևույթի հասարակայնացում։ Վաչագան Բարեպաշտը, լինելով Արշակունյաց հարստության վերջին ներկայացուցիչը, պատմության մեջ իրեն փառավորել է իր արած գործերով։ Նրա իշխանությունն ու գործունեությունը կենտրոնացված են եղել Կուրի աջափնյակում` Արցախ և ՈՒտիք նահանգների տարածքում։ Վաչագան Բարեպաշտը, գործելով հայաշխարհում, այսինքն` Հայկական Աղվանքում, ամեն ինչ արել է երկրամասը շենացնելու, բարեկարգելու և բարգավաճելու համար։ Նրա քաղաքական և տնտեսական լծակները հասել են նրան, որ կարողացել է տերությանը հասցնել քաղաքական ինքնուրույնության ամրապնդմանն ու տնտեսական վերելքին ուղղված միջոցառումների իրականացմանը։ Եվ քանի որ Վաչագան Բարեպաշտը ծնել է բուն Աղվանքում, սակայն իր ամբողջ գործունեությունը ծավալել Հայկական Աղվանքում, այսինքն` Կուրի աջափնյա տարածքում, դրա համար էլ ես հպարտությամբ նրան անվանում եմ արժանավոր ղարաբաղցի։ Մի՞թե աշխարհում քիչ դեպքեր կան, երբ մի անձ ծնվում է մի այլ տեղ, բայց իր գործունեությունը ծավալում է մի տեղ և համարվում է այդ տեղի քաղաքացի։ Ես կարող եմ այդ առթիվ բազմաթիվ օրինակներ բերել։ Մի՞թե բանասեր, կամ գուցե պատմության սիրահար Արտաշես Հակոբջանյանը դա չի հասկանում։
Հարգարժան խմբագրություն, ահա թե ինչու եմ ես ժպտալով Վաչագան Բարեպաշտին համարում ղարաբաղցի։ Եվ երբ պարոն Արտաշեսն իր հիվանդագին սովորության համաձայն խութեր է որոնում ապշեցուցիչ նոր բան հաղորդելու, այդ նրա գործն է։ Սակայն նրան խորհուրդ կտայինք կեղտաջրի մեջ չլողալ և գրիչ վերցնել ճշմարտություն քարոզելու համար։ Թուրքի դեմ դատարկ հայհոյելով ոչնչի չես հասնի։


Հրանտ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 28619

Մեկնաբանություններ